Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան․ News.am
Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել: Այս մասին News.am-ին հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը՝ նշելով որ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում՝ մինչեւ Հակարիի կամուրջ հասնելը:
«Մենք էլ չհասկացանք՝ ոնց տեղի ունեցավ դեպքը: Ինքը մոտ 60 տարեկան տղամարդ էր, Շուշիից տեղահանված էր, ընտանիքի՝ որդիների, կնոջ, հարսների հետ էին գալիս, դուրս եկավ ձորի մոտ էր կանգնած, չհասկացանք՝ գլուխը պտտվեց, թե ինֆարկտ էր ստացել, ու գլորվել էր ձորը: Տղաները մինչեւ հասան մահացած էր, դին տեղափոխել են Գորիս, կպարզեն մահվան պատճառը»,-ասաց նա:
Լուսինե Ղարախանյանը հավելեց, որ շատ ծանր ու տհաճ զգացողություններով են բոլորը դուրս գալիս Արցախից. «Դժոխքից ենք գալիս, իսկակական դժոխք կարծես լիներ, իսկ ադրբեջանցիները չարախնդում են: Հողը մերն է, այն մեզ է էներգիա տալիս, իսկ իրենց կործանելու է: Պատմությունը ցույց է տալիս՝ Արցախը շատ անգամ է ընկել, բայց մնացել է հայկական, ես հավատում եմ Արցախի հայկականությանը, գաղափարը չպետք է մեռնի, մենք պետք է գնանք գաղափարի հետեւից, Արցախն ի վերջո հայկական է լինելու»: