Արդեն ծնվել է առաջին երեխան միջանցքում, ու արդեն մահացել է առաջին տարեցը․ Գեղամ Բաղդասարյան
Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը գրել է․
«SOS… Փորձությունները շարունակվում են․ հիմա էլ հումանիտար մեկ այլ աղետի վտանգ կա, այս անգամ՝ միջանցքում, որտեղ հազարավոր մեքենաներ են կուտակվել՝ տասնյակ հազարավոր մարդկանցով։ Մարդիկ օրերով ճանապարհին են, սպառվել է առանց այն էլ սուղ պարենը, ջուրն էլ սպառվում է։ Սանիտարահիգիենիկ պայմանների մասին էլ չեմ խոսում…Իսկ այնտեղ երեխաներ, այդ թվում ծծկեր երեխաներ կան ու նվազագույն դիմադրողականություն ունեցող տարեցներ։ Արդեն ծնվել է առաջին երեխան միջանցքում ու արդեն մահացել է առաջին տարեցը։
SOS…Շտապ միջոցներ են պետք՝ խուսափելու ևս մեկ հումանիտար աղետից։ Նախ՝ ՀՀ իշխանությունները կարող են շատ կամավորների ներգրավել և արագացնել մարդկանց ընդունման գործընթացը՝ նվազեցնելով խցանումը։ Բացի դրանից, կարող են Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ մթերք, ջուր, առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնել մարդկանց։ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը չեմ հիշատակում, քանի որ Ստեփանակերտում մթերք գրեթե չի մնացել։ Բայց Ստեփանակերտը երկու բան կարող է անել. նախ՝ փորձի կարգավորել մեքենաների հոսքը և ապա փորձի խաղաղապահներին ներգրավել մարդկանց հումանիտար օգնություն ցուցաբերելու գործում։
SOS..Ինչ արվի՝ պիտի արվի շտա՛պ, ա՛ն-հա՛-պա՛ղ»։