Արցախում պայթյունից տուժածներից 67-ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են
ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,-ասաց նախարարը:
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչությունը: