«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը ռազմավարական խնդիր է. Էրդողան
«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը ռազմավարական խնդիր է։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախիջևանից վերադառնալիս:
«Այս միջանցքը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և դրա իրագործումը պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս հասնել։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա»,-ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել։
Մինչդեռ CNN Turk-ը հավելում է, որ ըստ Էրդողանի՝ եթե Հայաստանը աշխատանք չկատարի միջանցքի բացման ուղղությամբ, ապա այն անցնելու է Իրանի տարածքով։
«Իրանը հիմա սրան դրական է նայում, և քանի որ դրական է նայում, այժմ հնարավոր կլինի Իրանից անցում կատարել Ադրբեջան»,-ասել է Էրդողանը: