Հարավային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի կիրառման դեպքում պատասխան հարված կհասցվի
Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի դաշինքը վերջ կդնի հյուսիսկորեական ռեժիմին այն դեպքում, եթե ԿԺԴՀ-ն միջուկային զենք օգտագործի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը երկրի զինված ուժերի հիմնադրման 75-ամյակին նվիրված ելույթում։
«Եթե Հյուսիսային Կորեան միջուկային զենք կիրառի, ապա նրա ռեժիմին վերջ կտրվի Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի դաշինքի ճնշող պատասխանով», - Yonhap լրատվական գործակալությունը մեջբերում է Յուն Սոկ Յոլի խոսքերը։
Ըստ Կորեայի Հանրապետության նախագահի՝ Փհենյանը պետք է գիտակցի, որ «միջուկային զենքը երբեք չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը»։
Յուն Սոկ Յոլի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի մշակումները «գոյութենական սպառնալիք են ներկայացնում» Հարավային Կորեայի ժողովրդի համար և «լուրջ մարտահրավեր են ողջ աշխարհի խաղաղությանը»։
«Հյուսիսակորեական ռեժիմի` միջուկային զենք ստեղծելու մոլուցքը խորացնում է Հյուսիսային Կորեայի ժողովրդի տառապանքները», - հավելել է Հարավային Կորեայի նախագահը։