ԼՂ-ում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում. կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հետագա վայրագությունները և էթնիկ զտումները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քրիս Սմիթի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
Սմիթի ներկայացրած օրինագիծը կոչվում է «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելման 2023 թ. ակտ» և Պետքարտուղարությունից պահանջում է մանրակրկիտ ռազմավարություն մշակել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի համար տևական խաղաղությանը և բարեկեցությանը։ Օրինագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝
- ԱՄՆ դիվանագետներ ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը վերահսկելու և հետագա ոտնձգությունների մասին անհապաղ հայտնելու համար,
- 24-ժամյա տեսադիտարկում իրականացնել հայկական մշակութային վայրերում,
- մարդասիրական օգնություն տրամադրել շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումից տուժած հայերին,
- Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու ԼՂ դեմ հարձակումը գլխավորած պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել,
- օտարերկրյա ռազմական ֆինանսավորում տրամադրել ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությանը, որին այժմ սպառնում է Ադրբեջանը,
- դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը՝ չեղյալ հայտարարելով Ազատության աջակցության բանաձևի 907-րդ ենթաբաժնից հրաժարվելու՝ նախագահի լիազորությունը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լուրջ վտանգի տակ է… Ցավոք, նրանք ստիպված եղան զինաթափվել և իրենց անկախությունը հանձնել անողոք բռնապետին, որի կառավարությունը տարիների ընթացքում բազմիցս սարսափելի ոտնձգություններ է կատարել նրանց նկատմամբ, ցանկություն է հայտնել էթնիկ զտումներ իրականացնել նրանց դեմ և նույնիսկ նախաձեռնել է ցեղասպանություն՝ սովամահությամբ, շրջափակելով Լաչինի միջանցքը։ Մենք պետք է աշխատենք նրանց հետ՝ ապահովելու, որ անցումային շրջանում տեղի չունենան շարունակական վայրագություններ», - նշել է միջազգայնորեն ճանաչված իրավապաշտպան Քրիս Սմիթը։
Սմիթը վերջին ընթացքում Կոնգրեսում նախագահել է մի շարք լսումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ծանր վիճակին։
«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, ինչպես միշտ, բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում։ Իմ օրինագիծը որոշակի թեթևացում կբերի և կխրախուսի Բայդենի վարչակազմին գործել հիմա՝ տարածաշրջանում անմեղ կյանքեր փրկելու համար», - ասել է Սմիթը: