Փրկարարները մարդասիրական օգնություն են ցուցաբերում Արցախից բռնի տեղահանվածներին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ՆԳՆ ՓԾ Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գորիսի և Կոռնիձորի հումանիտար կայաններում սեպտեմբերի 24-ից ակտիվորեն ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման, տեղահանված բնակչության կենսագործունեության ապահովման միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«Տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները մասնակցում են իրավիճակից բխող այլ աշխատանքների։
Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով փրկարարներն ակտիվորեն համագործակցում են ոստիկանների, շտապօգնության բրիգադների, պետական այլ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական և կամավորական կազմակերպությունների հետ։
Սեպտեմբերի 24-ից իրականացված աշխատանքների արդյունքում փրկարարական ծառայողներն օգնություն են ցուցաբերել 2425 քաղաքացու, որից՝ 767 երեխա, 306 տարեց, 1084 կին և 268 տղամարդ։
Փրկարար ծառայության ստորաբաժանումները ամբողջ ծավալով շարունակում են աշխատանքները հումանիտար կայաններում»,- տեղեկացնում են ՀՀ Փրկարար ծառայությունից։