Շողակաթ բնակավայրում բացվել է նախադպրոցական կրթական այլընտրանքային նոր ծառայության կենտրոնը
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում բացվել է նախադպրոցական կրթական այլընտրանքային նոր ծառայության կենտրոնը, որտեղ արդեն հաճախում են 3-6 տարեկան 8 երեխաներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նորաբաց կենտրոնն ապահովված է կրթական համապատասխան միջոցներով։ Միաժամանակ բնակավայրում բացվել է նաեւ մանկական խաղահրապարակ՝ հագեցված համապատասխան մարզասարքերով:
Նախադպրոցական կենտրոնը ստեղծվել է ԵՄ աջակցությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում՝ նպաստելով 2021-2026 թվականների պետական զարգացման ծրագրի կրթական նպատակներին:
Բացման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի, ԵՄ պատվիրակության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ԿԳՄՍ նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճամբարակի համայնքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնակիչներ, հյուրեր։