Ֆրանսիան Նիգերից հետ է կանչում իր դեսպանին և հանում զորքերը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան հետ կկանչի իր դեսպանին Նիգերից, ինչպես նաև կհանի իր զորակազմը երկրից։ Նիգերում հեղաշրջում իրականացրած զինվորական առաջնորդները ողջունել են Մակրոնի այս քայլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24 պարբերականը։
Ֆրանսիայի նախագահի հայտարարությունից երկու ամիս առաջ Նիգերում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել, որի կազմակերպիչները պաշտոնանկ են արել ֆրանսիամետ նախագահին։
Ֆրանսիայի դեսպանը և մի շարք դիվանագետներ Նիգերից պետք է հեռանային Մակրոնի հայտարարությունից ժամեր անց, իսկ ֆրանսիական զորքերը պետք է հեռանան առաջիկա շաբաթներին և ամիսներին։
Նիգերի նոր ղեկավարները շատ արագ են արձագանքել Մակրոնի հայտարարությանը։
«Մենք տոնում ենք նոր քայլ դեպի Նիգերի ինքնիշխանություն։ Սա պատմական պահ է, որը վկայում է Նիգերի ժողովրդի վճռականության և կամքի մասին», - հայտարարել են նրանք։
Ֆրանսիան Նիգերում ունի մոտ 1500 զինվորական՝ որպես Սահելի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մաս։ Մակրոնը հայտարարել է, որ հեղաշրջումից հետո իշխանության եկած նոր ղեկավարությունն «այլևս չի ցանկանում պայքարել ահաբեկչության դեմ»։
Հարցազրույցում Մակրոնը նաև հայտնել է, որ պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Բազումը «պատանդ է պահվում» և մնում է երկրի «միակ օրինական իշխանությունը»։