ԵՊՀ-ից 2 անձ բերման է ենթարկվել
Այսօր Երևանի պետական համալսարանից ոստիկանությունը 2 անձի է բերման ենթարկել։ Այս մասին Fаctor.am-ին տեղեկացրին ԵՊՀ-ից։
«Եկել էին, փորձում էին դռներ ջարդել, գույք են վնասել։ Բերման են ենթարկել ԵՊՀ նախկին դասախոս, լրագրող Դավիթ Սարգսյանին ու ԵՊԲՀ նախկին պրոռեկտոր, ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոբյանին»,- նշեց ԵՊՀ խոսնակը։
Ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ այսօր տարբեր բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 168 անձ՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):
Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, Ոստիկանությունից հայտնեցին, որ կոնկրետ դեպքի վերաբերյալ առայժմ տեղեկատվություն տալ չեն կարող։ Ֆեյսբուքյան իր էջում Դավիթ Սարգսյանը գրել է ․ «Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն»։
Մինչ այդ Ցոլակ Ակոպյանը «լայվ» էր մտել ԵՊՀ-ից՝ նշելով, որ ԵՊՀ գիտխորհուրդը փակ դռների հետևում նիստ է անում, որտեղ քննարկվում է հավաքներին մասնակցող ուսանողներին ու դասախոսներին խիստ պատժելու հարցը:
Տեսանյութում երևում է, որ ակցիայի մասնակիցները հարվածում են դռներին, վանկարկում «ամո՛թ», «բացե՛ք դռները»։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվել են բողոքի ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։