Արցախի նախագահը հանձնարարականներ է տվել քաղաքացիների անվտանգ երթևեկը դեպի Հայաստան կազմակերպելու և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 25-ին ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ քաղաքացիների անվտանգ երթևեկը դեպի ՀՀ կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող քաղաքացիների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն՝ առաջացրել է խցանումներ, այդ իսկ պատճառով, հորդորում ենք խուճապի չմատնվել և չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։
Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով, որի համար սահմանված ժամկետներ չկան։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովի ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը»,- նշել են գերատեսչությունից՝ հավելելով, որ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է իր առաքելությունը՝ իրականացնելով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների, ինչպես նաև դեռևս անհայտ համարվող հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքները։
Այս ուղղությամբ կատարված աշխատանքները նախագահին ներկայացրել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գործում է Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ /047/ 95-75-51 հեռախոսահամարով: