Հայաստանը հավատարիմ է պայմանավոր վածություններին, այդ թվում ճանապարհների բացման մասով
Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ չի համաձայնելու որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության։ Այս մասին ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
- Պարոն Սանոսյան, վերջին շրջանում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները ավելի հաճախակի են սկսել խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և արդյո՞ք ՀՀ դիրքորոշումը որևէ փոփոխություն է կրել վերջին իրադարձություններից հետո։
- Որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ համաձայն չի լինելու։ Մյուս կողմից մենք հավատարիմ ենք բարձր մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, վերահաստատվել են հետևյալ պայմանավորվածությունները.
Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 29.8 եւ 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան տեղի է ունենալու 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:
Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Այս պայմանավորվածությունները հրապարակային են և հրապարակվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հանդիպման ավարտին։ Այս պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այլ նաև ցանկանում է, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ, քանի որ դա բխում է մեր շահերից։