Հարձակում Կոսովոյում. մեկ ոստիկան զոհվել է, ևս մեկը վիրավորվել
Մասամբ ճանաչված Կոսովոյի իշխանությունները երկրի հյուսիսում ոստիկանների վրա հարձակումը «ահաբեկչական գործողություն» են անվանել։
Սպանվել է մեկ իրավապահ, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։
Փոխհրաձգությունը սկսվել է այն ժամանակ, երբ պարեկախումբը ստուգել է հիմնականում սերբաբնակ գյուղի ճանապարհը փակող առանց համարանիշերի բեռնատարների մասին տեղեկությունը: Հաղորդվում է առնվազն 30 հոգուց բաղկացած, այդ թվում՝ ծանր զինատեսակներով զինված խմբի մասին։
Հարձակման կազմակերպման մեջ Պրիշտինան մեղադրել է «սերբական հանցավոր խմբավորումներին»։ Ներկա պահին այս տարածքը Սերբիայի հետ կապող ճանապարհները փակ են մուտքի համար։