Փաշինյանը ստում է. Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից նա ուղիղ կապով տեղյակ է. Մետաքսե Հակոբյան
Հայաստանի վարչապետը ուղիղ հակամարտության մեջ է մտնում Ռուսաստանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Փաշինյանն իր այդ հայտարարություններով ձեռնոց է նետում Ռուսաստանին՝ կրկին Արցախի հիմնախնդիրը բարդելով Ռուսաստանի վրա։ Ես այսօր տպավորություն ունեի, որ Ուկրաինայի նախագահն էր խոսում, սակայն հայերեն լեզվով։ Հայաստանի վարչապետը գնում է նույն ճանապարհով, եւ ուղիղ հակամարտության մեջ է մտնում Ռուսաստանի հետ։ Այս պահին ՀՀ վարչապետի պահվածքից ու հստակեցրած վեկտորի արդյունքում Արցախը ցեղասպանվում է։ Երբ նա իր ելույթում ասաց՝ եթե կա այդ մեկը, ապա դա ինքն է, այո, ես ասեմ՝ եթե կա մեկը, որը կործանեց Արցախը, դա հենց Հայաստանի վարչապետն է։ Դարերով Թուրքիան թշնամի է եղել, Ադրբեջանը տասնամյակներով թշնամի է եղել, բայց երբեք առիթ չեն ունեցել նման գործողությունների գնալ. այդ առիթը տվել է Հայաստանի վարչապետը։ Արցախը վերացրեց Նիկոլ Փաշինյանը, փրկեք գոնե Հայաստանը։ Սեպտեմբերի 19-ով է սկսվում ամենը։ Քանի դեռ Նիկոլը կա, Հայաստանի կործանումը մոտենում է. այսօրվա ելույթն այդ մասին է։ Փաշինյանի խոսքից պատերազմի հոտն էր գալիս։ Նա նորից հրահրում է պատերազմ»,- ասաց Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Փաշինյանի խոսքից ակնհայտ է, թե Հայաստանի անկախության վերացումն ինչ ճանապարհով է լինելու. «Այսինքն՝ պատերազմ է լինելու։ Նա իր տերերի հրահանգներին չի հակասելու։ Նա մի մի ամբողջ պետություն դրել է նժարին։ Փաշինյանը զոհելու է շատ բան, նա վստահ է, որ իրեն չեն կարողանալու կանգնեցնել»։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինչ ծանոթ չի եղել ԱՀ ԱԽ հայտարարությանը, Մետաքսե Հակոբյանը արձագանքեց.
«33 պատգամավորներով կարող ենք փաստել, որ Փաշինյանը ստում է. նա ուղիղ կապով ամեն քայլից տեղյակ է։ Նա գիտեր սեպտեմբերի 19-ի սպասվելիք ոճրագործության մասին։ Նա ուղիղ կապով բոլոր գործողություններից տեղյակ է։ Նա այսօր նայում ու լկտիաբար ստում է ժողովրդին»։
Ավելի վաղ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել։
«Զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել եւ հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը»,- ասել էր Դավիթ Իշխանյանը։
Իշխանյանի հայտարարությունից հետո Փաշինյանի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից։ «Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին»,- նշել էր Փաշինյանի մամուլի քարտուղարը։