ԵԱՀԿ նախագահ. Կազմակերպությունը փլուզման եզրին է
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին հայտարարել է, որ կազմակերպությունը խորը ճգնաժամ է ապրում Ուկրաինայի հակամարտության պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ամենամեծ մարտահրավերը քաղաքական առաջնորդությունն է, քանի որ կազմակերպությունը չի կարող գործել առանց նախագահի», - ասել է նա բրիտանական Financial Times-ին (FT): Պարբերականը նշում է, որ Օսմանիի լիազորությունները ԵԱՀԿ նախագահի պաշտոնում լրանում են դեկտեմբերին, և նրա իրավահաջորդը պետք է վայելի ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, միաձայն աջակցությունը։ Ռուսաստանի Դաշնության իշխանություններն իրենց հերթին, ինչպես նշել է FT-ն, արգելափակել են նոր նախագահի պաշտոնի միակ, Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնայի թեկնածությունը։
Օսմանիի կարծիքով, Ռուսաստանի մոտեցումը կաթվածահար է արել կազմակերպությունը։ Նա ասել է, որ այս իրավիճակում կարող է առաջարկել երկարաձգել իր պաշտոնավարումը որպես ԵԱՀԿ նախագահ՝ «կազմակերպության փլուզումը կանխելու համար»։ Սակայն, ինչպես ընդգծել է թերթը, դրա համար նույնպես կպահանջվի Ռուսաստանի Դաշնության հավանությունը։
Միաժամանակ Ցահկնան ընդունել է նաև, որ ԵԱՀԿ-ն ապրում է իր պատմության մեջ ամենամեծ ճգնաժամը։ «Մենք մի քանի տարի չէինք կարողանում համաձայնության գալ բյուջեի շուրջ։ Մենք համաձայնության չենք եկել ԵԱՀԿ ղեկավարության հարցում. Մենք 2024 թվականի համար նախագահ չենք ընտրել»,- ասել է նա։
Աղբյուրը