ՀՀ վարչապետի այսօրվա ուղերձը մեծ մասամբ ուղղված էր արտաքին լսարանին
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՀ վարչապետի այսօրվա ուղերձը մեծ մասամբ ուղղված էր արտաքին լսարանին: Փորձենք վերլուծել, թե ինչ ասվեց և որ ամենակարևորն է՝ ինչ չասվեց:
ԻՆՉ ԱՍՎԵՑ՝
ա/ Ընդգծվեց վերջին տարիների իրադարձությունները գնահատելու, վերագնահատելու և հետևություններ անելու հրամայականը (այլ բառերով՝ Հայաստանը դե-ֆակտո մտնում է ազգային անվտանգության հայեցակարգի վերանայման փուլ: Հուսանք՝ դե-յուռեն իրեն նույնպես սպասեցնել չի տա):
բ/ Արտաքին անվտանգության առկա համակարգերը՝ ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական երկկողմ անվտանգային մեխանիզմները, արդյունավետ չեն Հայաստանի պետական շահերի և անվտանգության տեսակետից (այլ բառերով՝ ՀԱՊԿ դաշնակիցների և Հայաստանի ազգային անվտանգային շահերը բախվում են իրար և որոշ առումով նաև՝ իրար հակասում)
գ/ Արցախահայերին էթնիկ զտումից պաշտպանելու գործուն մեխանիզմներ եթե չստեղծվեն, ապա հավանականությունը, որ ԼՂ հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու համար կլքեն իրենց հայրենիքը մեծ է, ինչի ողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի և ՌԴ խաղաղապահ զորակազմի վրա:
դ/ Հայաստանն իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, մինչդեռ մեր դաշնակիցներն իրենց առաջ նպատակ են դրել ի ցույց դնել անվտանգային առումով մեր խոցելիությունը՝ անկախ պետություն ունենալու մեր անհնարինությունը հիմնավորելու համար (այլ բառերով՝ մեր դե-յուռե դաշնակիցները դարձել են մեր պետականության, ինքնիշխանության և անկախության դե-ֆակտո սպառնալիքը)
ե/ անվտանգության ոլորտում մեր խոցեիությունը ի ցույց դնելու համար աշխատանքներ են տարվում ոչ միայն արտաքին անվտանգության խաթարման, այլև ներքին անվտանգության խաթարման ուղղությամբ (այլ բառերով՝ Հայաստանի պետականության դեմ գործիքայնացվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև՝ ներքաղաքական որոշ շրջանակներ)
զ/ խախտվել են դիվանագիտական կոռեկտության բոլոր նորմերը (այլ բառերով՝ հայ-ռուսական հարաբերությունները լարվածության բարձր վտանգավորության շեմին են հասել)
է/ անհրաժեշտ է վերափոխել, հարստացնել լրացնել ՀՀ արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ:
ԻՆՉ ՉԱՍՎԵՑ՝
ա/ վերոնշյալ արձանագրումներից բխող գործուն ռազմավարություններ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ոչ բլոկային բազմավեկտորության քաղաքական կուրս:
բ/ Ոչ բլոկային բազմավեկտորության քաղաքականությունը չպետք է դիտարկվի որպես նպատակ, քանի որ այն կարող է հանգեցնել արտաքին աշխարհից Պետության մեկուսացմանը: Հետևաբար, այն անհրաժեշտ է դիտարկել որպես միջոց՝ բլոկային կարգավիճակից բխող համակարգային սահմանափակումները շրջանցելուճանապարհով ռազմավարական գործընկերների փոխշահավետ ցանց ստեղծելու, փոքր պետությունների հետ փոխգործակցությամբ քաղաքական ուժ և ազդեցություն պրոյեկտելու, մեծերի ու փոքրերի առանձնահատկություններից բխող մոտեցումներում Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու, արտաքին քաղաքականության տեսանելիություն ապահովելու և տարածաշրջանային դերակատար դառնալու համար: