Հայ ազգը մեկ բռունցք է դառնում, չի կոտրվելու ու չի նահանջելու. Սեյրան Օհանյան
Հայաստանի Հանրապետության ազգադավ իշխանության գործունեության արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հայ ազգը ոտքի է կանգնել իշխանափոխություն իրականացնելու պահանջով։ Այս մասին գրում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ի պատասխան՝ Հայաստանում գործող օկուպացիոն ռեժիմը գործի է դրել բազմապիսի բռնաճնշումների մեխանիզմներ, այդ թվում` մարդկանց ապօրինի ձերբակալելով ու կալանավորելով:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները զօր ու գիշեր, բացի բողոքի ակցիաներին մասնակցելուց, ժողովրդի հետ առաջին շարքերում գտնվելուց եւ շատ դեպքերում հարվածներն իրենց վրա վերցնելուց, օպերատիվ կերպով այցելում են բոլոր ձերբակալված եւ կալանավորված անձանց` իրավիճակին տեղում ծանոթանալու, նրանց շահերը պաշտպանելու եւ ըստ անհրաժեշտության գործելու նպատակով:
Միաժամանակ ձեւավորվել է փաստաբանների եւ իրավապաշտպանների խումբ, ովքեր, իրենց մասնագիտության մեջ արհեստավարժ լինելով, նաեւ հայրենիքի, գաղափարի նվիրյալներ են եւ շտապ փաստաբանական օգնություն են ցուցաբերում ոստիկանության գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին:
Արդեն իսկ հարյուրավոր քաղաքացիներ են դիմել Ազգային կոմիտեին եւ ստացել անհրաժեշտ իրավաբանական աջակցությունը ձեւավորված օպերատիվ խմբերի կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ:
Հայ ազգը մեկ բռունցք է դառնում, չի կոտրվելու ու չի նահանջելու:
Աստված պահապան բոլորին»,- նշել է Օհանյանը: