Զոհվածի հորը կալանավորեցին Հովիկ Աղազարյանին հարվածելու համար
Արմեն Գալստյանին 2 ամսով կալանավորեցին «Եռաբլուր»-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարվածելու համար։ Այս մասին տեղեկացնում է Արմեն Գալստյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։
Արմեն Գալստյանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրն է։
Որոշումը կայացվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարեն Պարխոյանի նախագահությամբ։ Դատարանը բավարարել է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ իրականում վարչական տուգանք նախատեսող հոդվածով որոշում է կայացվել կալանքի տակ վերցնել զոհված զինծառայողի հորը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի և զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Արմեն Գալստյանին ձերբակալեցին միջադեպի ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմքին հարվածելու համար։
ՔԿ-ում այս գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։