Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի ԱԽ հայտարարության տեքստին. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է, թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:
«Անտեղի շահարկումներից խուսափելու համար եւ բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից եւ զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել եւ հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը:
Ցավում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետեւանքով մեղավորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրա:
Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել:
Հուսով ենք, որ հանձնառու ու պատասխանատու կեցվածքի ցուցաբերումը մեր գործընկերներին զերծ կպահի իրականության խեղաթյուրմամբ քաղաքական նեղ շրջանակների շահերը սպասարկելու գայթակղությունից»,- ասել է Դավիթ Իշխանյանը։