Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Փաշինյանի մամուլի խոսնակ
Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:
Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:
Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել եւ համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ եւ/կամ միջոցով»,- գրել է նա։
Ավելի վաղ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել: