Գիտենք՝ ով է ղեկավարում Հայաստանում հակառուսական լոբբինգը․ հայ ժողովուրդը այլ տեսակետ ունի․ Լավրով
Ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում հզոր լոբբի է գործում, որը հանդես է գալիս արևմտյան հիմնադրամների, ոչ կառավարական կազմակերպությունների տեսքով և որն առաջ է տանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այդ շահը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է, դա փաստ է։ Այդպիսի կազմակերպություններ Հայաստանում շատ կան, դրանք արհեստականորեն կրքեր են բորբոքում, մենք դրան այդպես ենք վերաբերվում»,- ասել է Լավրովը։
Նա ասել է, որ գիտեն՝ ով է շահագրգռված այդ հարցում, ով է այդ գործընթացը ղեկավարում։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ հայ ժողովուրդը այլ տեսակետ ունի։
«Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը, իսկ իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի երկրների հետ, ոչ թե օվկիանոսից այն կողմ գտնվողների»,- ասել է Սերգեյ Լավրովը։