ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Ըստ Ամատունու՝ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար: Նա նաև հավելել է, որ երեկ կազմակերպության միջոցով 9 վիրավոր տեղափոխել է ԼՂ տեղական հիվանդանոցներ:
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային պարագաներ տեղի բնակչությանը:
Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մեր թիմերն աշխատում են՝ նաև որոշում կայացնողերի հետ քննարկելով տարբեր կարիքները և հնարավորությունը կրկնելու նման աջակցությունը, ինչպես նաև այլ հարցերով փորձել ենք մարդասիրական առաքելությունը իրականացնել»,- ասել է նա: