Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները փնտրում են 2 օտարերկրացու, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վերջիններս կասկածվում են տևական ժամանակ Գյումրիում հիմնականում անչափահաս տղաներին թմրանյութ հյուրասիրելու մեջ։
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել Գյումրիի բնակիչ 45-ամյա Արմինե Գ․-ից, ով հայտնել է, որ Գյումրի քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ժողովրդին հայտնի հուշարձանի մոտ 2 օտարերկրացի քաղաքացիներ իր 8-ամյա տղային առաջարկել են թմրամիջոց։