ԱԱ.Գեւորգ Ղարիբյանը քառորդ եզրափակիչում է
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը (60կգ) երկրորդ հաղթանակը տարավ։
2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը 60 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում մրցեց Լեհաստանը ներկայացնող Միխալ Տրաչի հետ եւ 3:1 հաշվով առավելության հասավ։ Ղարիբյանը երկրորդ մրցափուլում քթի վնասվածք ստացավ, բայց շարունակեց պահպանել հաշվի մեջ առավելությունը եւ հաղթել։
Մեկնարկային 1/16 եզրափակիչում Ղարիբյանը գոտեմարտեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 9:0 հաշվով: Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի առաջին կեսում:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) մեկնարկային 1/16 եզրափակիչում 10:4 հաշվով հաղթել է Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգին։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայասցնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուն։