Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «րոպե առ րոպե թուլանում է»՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի պատճառով. CNBC
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «րոպե առ րոպե թուլանում է»՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի պատճառով, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետը, կարծես թե, չունի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին աջակցություն, հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
«Շատ երկար ժամանակ սա պատերազմ էր, որն անտեսվում էր շատերի կողմից», - CNBC-ին ասել է Eurasia Group քաղաքական ռիսկերի խորհրդատվական կազմակերպության եվրասիական քաղաքական ռիսկերի վերլուծաբան Թինաթին Ջափարիձեն:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում այս ու այն կողմում բռնկումներ են եղել, ընդ որում, մի քանի օր առաջվա վերջին բռնկումն ամենաակնհայտ ազդանշանն է այն մասին, որ պատերազմի վերադառնալու հնարավորությունները պոտենցիալ մոտ են, եթե պատշաճ խաղաղ բանակցություններ չանցկացվեն»,- ասել է Ջափարիձեն։
Տասնամյակներ շարունակ Հայաստանը հենվել է Ռուսաստանի վրա՝ որպես անվտանգության երաշխավոր։ Սակայն, իշխանություններն ավելի ու ավելի են հիասթափվում նրանից, ինչ նրանք համարում են Կրեմլի՝ երկրին աջակցելու ցանկության բացակայություն:
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը, ԱՄՆ ISW վերլուծական կենտրոնն ասում է, որ Ռուսաստանի դերը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր կարող է նվազել, քանի որ Կրեմլը շարունակում է առաջնահերթություն տալ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժմանը, իսկ Երևանի իշխանությունները գնալով ավելի են արտահայտում իրենց դժգոհությունը Մոսկվայից:
Eurasia Group-ի Ջափարիձեն ասել է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև խաղաղ բանակցությունների արդյունքը, հավանաբար, կորոշի, թե ինչ կլինի հետո: «Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ներսում՝ քաղաքական տեսանկյունից, Փաշինյանի ղեկավարության հետ, և արդյոք նա գոյատևելու է դրանից հետո»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին հասանելի տարբերակներին, Ջափարիձեն ասաց, որ կարծես թե նրանք քիչ բան կարող էին անել, քան անհապաղ դեէսկալացիայի և ռազմական գործողությունների հրապարակային դատապարտման կոչերը: Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հեռանկարը պետք է համարել «շատ անհավանական», հավելել է նա։