Շարժման հաջողությունը կախված է մեր վճռականությունից. Լևոն Քոչարյան. «Հրապարակ»
Ժամեր առաջ Ամիրյան փողոցում բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Մինչ այդ, սակայն, «Հրապարակ»-ը մի քանի հարց էինք ուղղել նրան։
Պարոն Քոչարյան, մի քանի օր է՝ բողոքի ակցիաները շարունակվում են, երեկ էլ Նիկոլ Փաշինյանը սպառնաց՝ ասելով, որ պատրաստ է կոշտ միջոցներ կիրառել։ Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ ընդդիմությանը կհաջողվի՞ պայքարը վերջնարդյունքին հասցնել, թե՞ այս շարժումն էլ կարժանանա նախորդների ճակատարգրին։
Չեմ կարող ասել՝ հաջողելո՞ւ է, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ պիտի անենք բոլորս մեր հերթին, որպեսզի հաջողի, որովհետև այն կորուստները, որ ունեցանք, ուղղակի չի կարելի էլի․․․։ Չգիտեմ, մարդիկ վերջը պետք է զարթնեն ու հասկանան, որ սա միայն Ղարաբաղով չի սահմանափակվելու։ Տարիներ առաջ երբ մենք ու շատերը զգուշացնում էինք, թե իրենց վարած քաղաքականությունը ուր է բերելու, մեծ մասը չէր հավատում, թերահավատորեն էր վերաբերվում, բայց ամեն անգամ այդ աղետը մեկ է լինում է, և այսպես չի կանգնելու, հաջորդը Սյունիքն է լինելու, Գեղարքունիքն է լինելու, Տավուշն է լինելու, եթե այս իշխանությունների դեմն ուղղակի չառնենք ու իրենց չփոխենք։ Դա իմ համոզմունքն է, իսկ հաջողել- չհաջողելը կախված է մեր վճռականությունից և նաև մարդկանց մասնակցության քանակից։ Դա չափազանց կարևոր է։