ՀՀ կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի քսան համայնքների երեսուն սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ութ մարզպետների աշխատակազմերին՝ քսան համայնքների երեսուն սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 22-ին գումարված նիստում:
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, շեշտեց՝ Արագածոտնի մարզի երկու ծրագրի համար նախատեսվում է տրամադրել 42 մլն դրամ, Արմավիրի մարզի երկու ծրագրի համար՝ 12,5 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 307 մլն դրամ, Լոռու մարզի 6 ծրագրի համար՝ 347 մլն դրամ, Կոտայքի մարզի 8 ծրագրի համար՝ 503 մլն դրամ, Շիրակի մարզի երկու ծրագրի համար՝ 124 մլն դրամ, Սյունիքի մարզի երկու ծրագրի համար՝ 173 մլն դրամ և Տավուշի մարզի 4 ծրագրի համար՝ 289 մլն դրամ:
«Նախագծի ընդունմամբ՝ հունվարի 1-ից սկսած ՀՀ կառավարությունը 17 մլրդ 116 մլն դրամ կվճարի սուբվենցիոն ծրագրերի համար»,-շեշտեց Սանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ ծրագիրը մեկնարկում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքից, որը եզդիաբնակ է: Նա հիշեցրեց, որ փոփոխությունը սուբվենցիոն ծրագրերի բանաձևերում իրականացրել են, երբ ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող համայնքներին ավելի մեծ չափով են ֆինանսավորում:
Գնել Սանոսյանն էլ ընդգծեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որոշակի ուղիղ ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատում են, նախագծման որոշ աշխատանքներ են իրականացվում:
Հայաստանի վարչապետը կարևորեց համայնքներում աշխատանքները, քանի որ համայնքների մեծ մասը չի խոշորացվել: Ըստ Փաշինյանի՝ սուբվենցիոն ծրագրերի հետ կապված նրանց կարողությունները էականորեն պակաս են, և պետք է աջակցել: