«Հրապարակ». Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի
Երեկ համացանցում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ «Քյոխ» մականվամբ հայտնի զինվորականը` արցախցի Կարեն Ջավադյանը, իր զինվորների հետ որոշել է չհանձնվել, կռվել մինչեւ վերջ։
Մենք կապ հաստատեցինք նրա հետ՝ ճշտելու, թե արդյոք հավաստի՞ են այդ տեղեկությունները, որ որոշել է իր զինվորների հետ չհանձնվել:
Նա ասաց․ «Գնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն»։
Հարցին` իսկ որպես զինվորական, ինքն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ճի՞շտ են այդ լուրերը։
Ասաց. «Հայ ժողովրդին ո՛չ Ղարաբաղն ա պետք, ո՛չ էլ` ղարաբաղցին, վերջ»։ Իսկ ինչո՞ւ եք այդպես մտածում, հիմա մարդիկ փողոց են դուրս եկել` պայքարում են, ով ինչ կարողանում է` անում է, մյուսներն անտարբեր չեն, շատ ծանր են տանում այս ամենը: Նա ասաց․ «Որովհետեւ ամբողջ ժողովուրդը լվացել է ձեռքերը ղարաբաղցիներից»։
Իսկ ինչո՞ւ եք ասում․ «Նիկոլին ասեք` գնա Արցախը պաշտպանի»։ «Ուզում եք՝ Նիկոլին ասեք, ուզում եք` Քոչարյանին ասեք, Սերժին ասեք։ Ես չգիտեմ, թե ով է մեղավոր, ես զինվորական եմ՝ իմ գործն եմ կատարել»։ Նկատելի էր, որ Կարեն Ջավադյանը վրդովված է, խոսելու ցանկություն չունի, այս կարճ զրույցից հետո մեզ հորդորեց՝ այլեւս հարցեր չտալ իրեն, ու անջատեց հեռախոսը։