ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների հասանելիությունը պետք է ապահովվի առանց խոչընդոտների. Ճապոնիայի ներկայացուցիչ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը շատ կարևոր է կովկասյան տարածաշրջանի հետագա զարգացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ նիստում նման համոզմունք հայտնեց Ճապոնիայի ներկայացուցիչը:
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների առնչությամբ Ճապոնիան խորը մտահոգություն է հայտնել և դրանք անմիջապես դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին:
«ԼՂ-ում իրավիճակի լուծման ցանկացած միակողմանի փորձ անընդունելի է: Սեպտեմբերի 20-ին համաձայնություն ձեռք բերվեց ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Թեև ռազմական առճակատումը դադարեցվեց, բայցևայնպես իրադրությունը շարունակում է անկայուն մնալ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է շարունակի հետևել իրավիճակին՝ իրադարձությունների վրա դրական ազդեցություն ունենալու նպատակով»,- ասաց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը:
Նրա խոոսքով՝ անվտանգության խորհուրդը պետք է շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով: Պետք է ապահովել բնակիչների, հատկապես ամենախոցելի խմբերի` քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, տարեցների, կանանց և երեխաների կյանքի և անվտանգության պաշտպանությունը: Ըստ այդմ՝ ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների համար մարդասիրական հասանելիությունը պետք է ապահովվի առանց խոչընդոտների, տեղի բնակչության կարիքները պետք է բավարարվեն:
«Հակամարտության հանգուցալուծումը շատ կարևոր է կովկասյան տարածաշրջանի հետագա զարգացման համար: Երկխոսությունը կողմերի միջև հույժ կարևոր է: Ճապոնիան բոլոր կողմերին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,- ասաց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը: