Երկար ժամանակ է ահազանգում ենք. միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն այս ամենին վերաբերվել. Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ է ունեցել.
«Լեռնային Ղարաբաղի վրա եղել է լայնածավալ, ծրագրված հարձակում, դա էթնիկ զտումների փորձ էր։ 200 զոհ, 400 վիրավոր, ավելի քան 10000 մարդ բռնի տեղահանվել է»,- նշել է նա։
Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղեկություններ են ստանում, մայրերը հուսահատ փնտրում են իրենց երեխաներին, մարդիկ մնացել են անօթևան, մեկ երեխա է սպանվել, չեն կարողանում դիակը տարհանել։
«Այս ամենը կանխատեսելի էր, նշաններ կային, մենք դրա մասին ազդանշան տվեցինք, բայց միջազգային հանրությունը հրաժարվեց արձագանքել։ Երբ Հայաստանը օգոստոսին կոչ արեց Անվտանգության խորհրդի հերթական նիստը հրավիրել, խորհուրդը համարժեք արձագանք չտվեց: Եվ նաև ադեկվատ չարձագանքեց, երբ Ադրբեջանն ապօրինի անցակետ հիմնեց և առևանգեց խաղաղ բնակիչներին»,- իր ելույթում ասել է Արարատ Միրզոյանը։