Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի. ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ
Ռուսաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ի անվտանգության խորդում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հրավիրված նիստում:
Նա նշեց, որ մարտական գործողությունների վերսկսկման պահից ի վեր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կապի մեջ է եղել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որ արյունահեղությունը դադարի: «Ամենավտանգավոր շրջաններից մոտ 5000 քաղաքացիներ են տարհանվել, այդ թվում՝ մոտ 1000 քաղաքացիներ, մարդկանց կացարան է տրամադրվել և ճամբար: Խաղաղապահների մոտ նրանք պաշտպանված են հրետակոծությունից…»,-ասաց ՌԴ ներկայացուցիչը:
Նա ամենակարևորը համարեց մարտական գործողությունների վերսկսումը թույլ չտալն ու իրավիճակը քաղաքական հուն վերադարձնելը: «ՌԴ-ն շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով հարաբերությունների նորմալացման գործընթացին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ որևէ մեկից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ»,-ասաց նա:
Ռուսաստանը հավատացած է, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության հստակ և միանշանակ երաշխիքներով և մարդու իրավունքների հարգման երաշխիքներով ԼՂ բնակչության համար՝ հիմնվելով միջազգային սկզբունքների վրա:
«Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երևանի իշխանությունների կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ իրենք ճանաչել են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Միևնույն ժամանակ, այդ գագաթնաժողովների ավարտական հռչակագրերում, որոնց Երևանը տվել է համաձայնությունը, Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների, անվտանգության երաշխավորման թեման պարզապես դժբախտաբար բաց է թողնվել: Մենք ակնկալում ենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումների արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս շուտ թեթևացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում և ապահովել կայունություն ԼՂ բնակիչների առօրյա կյանքում: Մենք ամեն հնարավոր կերպ դրան կաջակցենք»,-ասաց ՌԴ ներկայացուցիչը:
Նա հիշեցրեց 2020 և 2022 թթ եռակողմ հայտարարությունների մասին, որոնք իրավական հիմքեր են նախատեսում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման համար: ՌԴ-ն հավատացած է, որ միակ իրական կայուն լուծումը դրանք կարող են ապահովել Հարավային Կովկասի այս հակամարտության համար:
«Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի: Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքները հարաբերությունների նորմալացման բոլոր ուղղություններով, որոնց համաձայնություն են տվել 3 առաջնորդները՝ այդ թվում խաղաղության պայմանագրի մշակում, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, սահմանագծում և հարևան ժողովուրդների միջև իրավիճակի նորմալացում»,-ասաց Ռուսաստանի ներկայացուցիչը: