ԼՂ-ում վերջին օրերի զարգացումները պետք է դիտարկել հրադադարի կանոնավոր խախտումների ընդհանուր օրինաչափությունների շրջանակում. Միրոսլավ Ենչա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով օգնական Միրոսլավ Ենչան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ հայտարարեց, որ ԼՂ դեմ ռազմական ագրեսիան սկսելուց առաջ այդ մասին Ադրբեջանը տեղյակ է պահել ռուս-թուրքական համակարգման կենտրոնին և ՌԴ խաղաղապահներին:
«Զարգացումները հանգեցրին ռազմական գործողությունների կտրուկ սրացման: Ադրբեջանական ԶՈՒ-ն հատեց շփման գիծը: Ստացվեցին մահվան դեպքերի մասին տեղեկություններ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սկսվեց մի քանի հազար մարդկանց տարհանումը ԼՂ ներսում:
ՌԴ խաղաղապահ զորակազմն արձանագրեց բազմաթիվ խախտումներ: ՄԱԿ-ը, որը ներկա չէ նշված տարածքում կամ ՌԴ խաղաղապահների մանդատի ներքո գտնվող այլ տարածքում, ի վիճակի չէ հաստատել տարբեր պնդումները և մեղադրանքները: Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշատակել գլխավոր քարտուղարի ծայրահեղ մտահոգությունն այն առումով, որ վերսկսվել են մարտական գործողությունները, որոնց պատճառով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ են զոհվել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը նույնպես մտահոգություն է հայտնել ԶՈՒ-ն քաղաքացիական անձանց նկատմամբ կրկին գործադրելու առթիվ: Նա նշել է, որ շատ կարևոր է վերադառնալ խաղաղության գործընթացին և աշխատել համաձայնության ուղղությամբ, որի հիմքում կլինի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:
Գլխավոր քարտուղարը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում խստագույնս հետևել 2020թ նոյեմբերի հայտարարության համաձայն սահմանված հրադադարին և շարունակել կատարել իրենց պարտականությունները, հատկապես նրանք, որոնք կապված են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի հետ:
Պարոն նախագահ, սրացումը տեղի ունեցավ, երբ նախորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, խիստ անհրաժեշտ առաքումներ էին տեղ հասել՝ ցորեն, ալյուր, կարևորագույն բժշկական պարագաներ՝ զուգահեռաբար Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով: Խորհրդի անդամները, թերևս, կհիշեն, որ վերջին ամսվա ընթացքում քաղաքացիական անձանց տեղաշարժի և մարդասիրական օգնության հասանելիության հարցերը լարվածության և կտրուկ քննարկումների աղբյուր են եղել Բաքվի և Երևանի միջև: Գլխավոր քարտուղարը շարունակում է խորապես մտահոգված մնալ իրավիճակի սրացման հետևանքներով, որոնք կապված են փխրուն մարդասիրական իրավիճակի հետ: Նա բոլոր կողմերին կոչ է անում հրատապորեն ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիական անձանց:
Մենք նաև արձանագրում ենք, որ ԿԽՄԿ-ն մտահոգություն է հայտնել տարածաշրջանում բնակվող առանց այդ էլ խոցելի բնակչության համար վերջին դեպքերի մարդասիրական հետևանքների վերաբերյալ: Վերհիշելով, որ արդեն մի քանի ամիս խիստ սահմանափակ է բուժօգնության և հիմնական պարագաների հասանելիությունը՝ ԿԽՄԿ-ն գնահատել է, որ իրավիճակը, հավանաբար, կխորացնի նրանց տառապանքը:
Պարոն նախագահ, վերջին մի քանի օրերի զարգացումները պետք է դիտարկել մշտական դարձած՝ հրադադար կանոնավոր խախտումների ընդհանուր օրինաչափությունների շրջանակում: Երեկ դադարել են մարտական գործողությունները, բայց տեղում իրավիճակը մնում է հեղհեղուկ: Մենք նաև գիտակցում ենք, որ որպես դրական քայլ՝ տեղի բնակչության ներկայացուցիչները և Ադրբեջանի կառավարությունը հանդիպել են այսօր՝ մի քանի ժամ առաջ, և նախնական քննարկում ունեցել:
Ավարտելով՝ կոչ ենք անում տևականորեն վերջ դնել բոլոր մարտական գործողություններին: Իրավիճակի հետագա սրացումը կհանգեցնի մարդկային զոհերի, կորուստների, տառապանքի և միջազգային աջակցություն վայելող խաղաղության ջանքերը կխափանվեն: Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և էական կարիքները հոգալը, այդ թվում՝ նրանց մարդու իրավունքները պաշտպանելը պետք է գերակայություն լինեն: Իրական երկխոսությունն Ադրբեջանի և տարածաշրջանի ներկայացուցիչների միջև, ապահովելով լիարժեք ներգրավումը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին, միևնույն ժամանակ ապագային ուղղված միակ կայուն ընթացքն է:
Քարտուղարությունը շարունակելու է կապ պահպանել բոլոր շահագրգիռ կողմերի և դերակատարների հետ և պատրաստակամություն է հայտնում աջակցել խաղաղությանն ուղղված ընթացիկ ջանքերին: Քարտուղարությունը նաև պատրաստ է իրականացնել մարդասիրական կարիքների գնահատում, եթե ստանա հասանելիություն, և աջակցություն ցուցաբերել՝ ըստ կարիքի»: