Իրանի դատարանը մահվան է դատապարտել Շահ Չերաղում ահաբեկչություն կազմակերպած Տաջիկստանի քաղաքացուն
Իրանի դատարանը մահվան է դատապարտել Տաջիկստանի քաղաքացի Ռահմաթուլլա Նուրուզովին՝ Շիրազ քաղաքի Շահ Չերաղի դամբարանում իրականացված ահաբեկչության գործով գլխավոր մեղադրյալին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
25-ամյա Նուրուզովին մեղադրանք է առաջադրվել խռովության և երկրի անվտանգությանն սպառնացող հանցավոր դավադրության մեջ։ Մահվան դատավճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել Իրանի Գերագույն դատարանում։
Եվս 2 մեղադրյալ, որոնք անմիջականորեն չեն մասնակցել ահաբեկչության կատարմանը, դատապարտվել են 5 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո նրանք ենթակա են արտաքսման Իսլամական Հանրապետության սահմաններից։
Ֆարսի նահանգի Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչությունը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին։ Երկու զինյալ փորձել են մտնել մզկիթի տարածք։ Նրանցից մեկն ինքնաձիգից կրակ է բացել դամբարանում գտնվող մարդկանց ուղղությամբ և հարձակումից անմիջապես հետո ձերբակալվել անվտանգության ուժերի կողմից։
Վերջին տվյալներով՝ գրոհի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Նուրուզովը վերապատրաստվել էր Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարներում։