ՌԴ կառավարությունը բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր սահմանափակում է մտցրել
ՌԴ կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել է բենզինի և դիզվառելիքի արտահանումը Ռուսաստանից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Կառավարությունը ժամանակավոր սահմանափակում է մտցրել ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի արտահանման վրա՝ ներքին շուկան կայունացնելու նպատակով», - նշվում է կառավարության տարածած հայտարարության մեջ։
Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ռուսաստանում վառելիքի բորսայական գները մի քանի ամիս անընդմեջ ռեկորդներ են սահմանում։ Զգալիորեն արագացել են աճի տեմպերը և մանրածախ գները։ Փորձագետներն ստեղծված իրավիճակն, այդ թվում, բացատրում են «գորշ» արտահանմամբ։
Որպես դրա դեմ պայքարի հնարավոր միջոցներից մեկը իշխանությունները քննարկում են լիազորված արտահանողների և ներքին շուկա մատակարարողների ցուցակի ստեղծումը։
Սեպտեմբերի սկզբին էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը հայտնել էր, որ էներգետիկայի նախարարությունը կառավարությանը և նախագահի աշխատակազմին է ներկայացրել հրամանագրի նախագիծ, որի համաձայն՝ միայն արտադրողները կկարողանան նավթամթերք արտահանել։