Կանադան հպարտ է Հայաստանի հետ աճող հարաբերություններով․ Թրյուդոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ։
«Կանադան առաջին արևմտյան երկրներից էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայաստանը որպես ազատ և ինքնիշխան պետություն, և մեր երկու երկրներն այդ ժամանակվանից ի վեր եղել են ամուր գործընկերներ:
Վերջին ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում վկայում են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված պարտավորությունների և միջոցների անհրաժեշտության մասին և խրախուսում են երկխոսության շարունակումը՝ հանուն տարածաշրջանի տևական խաղաղության»,- նշել է Թրյուդոն։ Նա գոհունակություն է հայտնել, որ Կանադան, որպես երրորդ կողմ, ներգրավված է Հայաստանում ԵՄ առաքելության կազմում։
Կանադայի վարչապետը նշել է, որ իր երկիրը հպարտ է Հայաստանի հետ աճող հարաբերություններով: «Անցյալ տարի մենք պարտավորվեցինք ընդլայնել մեր դիվանագիտական ներկայությունը երկրում, և այժմ պատրաստվում ենք այս աշնանը Հայաստանի մայրաքաղաք Երևանում ռեզիդենտ դեսպանով բացել լիարժեք դեսպանություն։ Մենք կշարունակենք միասին աշխատել՝ առաջընթաց գրանցելու կարևոր առաջնահերթությունների, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդավարական զարգացման առաջխաղացման և ներառական տնտեսական աճի և երկու երկրների մարդկանց համար նոր հնարավորությունների խթանման ուղղությամբ։ Միասին, այնպիսի ֆորումներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, մենք շարունակում ենք խթանել ժողովրդավարությունը, խաղաղությունը և անվտանգությունն ամբողջ աշխարհում»․- ընդգծել է Թրյուդոն:
Նա շեշտել է, որ Կանադա-Հայաստան հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների ջերմ կապերի վրա։ Վարչապետը հիշեցրել է, որ իր երկրում բնակվում են շուրջ 70 հազար կանադահայեր, ովքեր Կանադան իրենց տունն են համարում։ Նա բարձր է գնահատել հայերի դերը Կանադայի կյանքում։
«Կանադայի կառավարության անունից իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում բոլորին, ովքեր տոնում են Հայաստանի Անկախության տոնը»,- նշվում է վարչապետի շնորհավորական ուղերձի եզրափակից հատվածում։