Մոլդովայի խորհրդարանը 60 օրով երկարացրել է արտակարգ դրությունը
Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են արտակարգ դրության ռեժիմը հոկտեմբերի 2-ից 60 օրով երկարաձգելու օգտին՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ կապված ռիսկերի պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«2023 թ. հոկտեմբերի 2-ից Մոլդովայի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրությունը երկարաձգել 60 օրով», - ասվում է որոշման մեջ։
Որոշումը հաստատվել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորների 56 ձայնով։ Կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր դաշինքի և «Շոր» կուսակցության պատգամավորները ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը։
Մոլդովայում արտակարգ դրության ռեժիմը գործում է 2021 թ. վերջից, այն սահմանվել էր գազի մատակարարման հնարավոր ընդհատումների պատճառով։ Այնուհետև որպես երկարաձգման պատճառ նշվել են Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները։ Արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակաշրջանում արտակարգ դրության հանձնաժողովը կարող է կարգադրություններ անել, որոնք պարտադիր են պետական ու մասնավոր ընկերությունների, ինչպես նաև երկրի տարածքում գտնվող առանձին անձանց համար։ Հանձնաժողովը կարող է նաև բյուջեից միջոցներ հատկացնել, համակարգել լրատվամիջոցների աշխատանքը և այլ արտակարգ միջոցներ ձեռնարկել։