Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ
Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ Ստեփանակերտ չի հասել։
Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Aysor.am-ին ասաց, թե այս պահին որևէ տեղեկություն չի կարող փոխանցել՝ ինչ են բանակցել Եվլախում։
«Դեռ ոչինչ չեմ կարող ասել, մեր պատվիրակությունը դեռ ճանապարհին է, Ստեփանակերտ չեն հասել»,- Aysor.am-ին ասաց Իշխանյանը։
Հիշեցնենք՝ Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։
Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք՝ արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում են խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու, նաև՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։