Ռայիսին անընդունելի է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերն անընդունելի է համարել՝ նշելով, որ այդ հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռայիսին հայտնել է Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Մենք կապ ենք պահպանում երկու կողմերի հետ, և նրանց հետ քննարկել ենք երկխոսության միջոցով վեճերը լուծելու անհրաժեշտությունը», - Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ռայիսին նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածությունն անընդունելի է», և դրա լուծումը համարում է երկխոսությունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21։30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Քաղաքացիական բնակչության շրջանում հաստատված 10 զոհերից 5-ը երեխաներ են։
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ սեպտեմբերի 21-ին ԼՂ և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները կհանդիպեն Եվլախում։