Կրեմլի քարոզը․Կրեմլը խորհուրդ է տալիս ԶԼՄ-ներին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին. Meduza-ի ձեռքի տակ է հայտնվել մեթոդական ձեռնարկը
Meduza լրատվականի ձեռքի տակ է հայտնվել մեթոդական ձեռնարկ, թե ինչպես է Կրեմլը ուղղորդում պետական լրատվամիջոցներին՝ լուսաբանել իրադարձությունները Ղարաբաղում։
Նշվում է, որ այդ ձեռնարկը սեպտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ նախագահի վարչակազմն ուղարկել է պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։
Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում՝ Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022թ․ հոկտեմբերին արած հայտարարությունները։
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությանը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է ամբողջությամբ կիսեն նրա հետ հետևանքների պատասխանատվությունը։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանի գործելու համար, և այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր ներքին գործ»,-ասվում է ձեռնարկում։
Ըստ Meduza-ի՝ Կրեմլը խորհուրդ է տալիս ռուս խաղաղապահների կարգավիճակը բնութագրել որպես «դիտորդական», մինչդեռ կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցներին պետք է պատմել «քաղաքացիներին տարհանելու» հարցում խաղաղապահների օգնության մասին։ Ձեռնարկը կազմողները առանձին-առանձին խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայի վրա։