Շոյգուն եւ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են կովկասյան տարածաշրջանի իրադարձությունները
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, փոխանցում է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, հատկապես կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:
Ընդգծելով Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ համակողմանի հարաբերությունների ընդլայնումը եւ կազմակերպված ահաբեկչության դեմ վճռական պայքարը՝ Ահմադիանն ու Շոյգուն արտատարածաշրջանային երկրների միջամտությունը համարել են տարածաշրջանում անվտանգության բացակայության եւ անկայունության գլխավոր պատճառ:
Նրանք նշել են, որ տարածաշրջանային համագործակցության ընդլայնումն անհրաժեշտ է Հավաքական անվտանգության հասնելու համար։
Շոյգուն Թեհրան է ժամանել երեքշաբթի՝ Իրանի ԶՈւ շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամեդ Բաղերիի պաշտոնական հրավերով:
Հանդիպման արդյունքներով Բաղերին հայտնել է, որ Թեհրանն ու Մոսկվան աշխատում են մոտ ապագայում ռազմական համագործակցության մասին երկարաժամկետ համաձայնագրի մշակման ուղղությամբ: