Մինչ Սիմիդյանը գործուղման է, նրան տեղակալ են նշանակում. ինչ ունեցվածք ունի փոխնախարարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, թե ինչով է զբաղված շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Եզրակացրինք, որ ստորագրվել է մի հուշագիր, որը, ըստ երեւույթին, Հայաստանին պետք էլ չէ։ Այդ քննարկման եւ գործուղման ընթացքում Սիմիդյանին Հայաստանում փոխարինում են տեղակալները, որոնցից մեկը Գայանե Գաբրիելյանն է։
Գաբրիելյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հուլիսի 23-ին։ Մինչ փոխնախարար դառնալը Գաբրիելյանը որտեղ ասես չի աշխատել։ Սկզբում խանութի տնօրեն է եղել, ապա՝ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ում ապրանքների սպասարկման առաջին կարգի մասնագետ, հետո՝ նույն ՊՈԱԿ-ում իրավաբանական վարչության մասնագետ։ Նա շրջել է աշխատատեղերով, եւ որեւէ հաստիք չկա, որ երկար տարիներ աշխատած լինի փոխնախարարը։ Հիմնական հաստիքը, որով այդ աշխատավայրերում հանդես է եկել Գաբրիելյանը, եղել է գնումների փորձագետը։
Նա նաեւ դասախոս է աշխատել եւ աշխատում ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում։ Մինչ նախարար դառնալը նա աշխատում էր Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետ։ Թե ինչ կապ ունի այսպիսի գործունեություն ունեցող անձը շրջակա միջավայրի հետ, անհայտ է։ Ինչեւէ, այս ընթացքում՝ 2018 թվականին, նա հասցրել է ձեռք բերել հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 10 մլն 551 հազար դրամ։ Գաբրիելյանը
2019 թվականին ձեռք է բերել 2010 թվականի արտադրության, Mitsubishi մակնիշի ավտոմեքենա։ Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 3 մլն 710 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդը՝ 421 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 528 հազար դրամ, որից 13 մլն 340 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, իսկ 188 հազար դրամը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից։
Հիշեցնենք նաեւ, որ Գաբրիելյանը, շրջակա միջավայրի հետ կապ չունենալով, հանդիսանում է Պետական գնումների միության անդամ։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում