«Հրապարակ». 2 ժամում մոտ 10 հազար մարդ հավաքվեց
Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետից՝ քայլեր կիրառել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ: Դրան զուգահեռ, ՌԴ դեսպանատան դեմ էր բողոքի ակցիա ընթանում, որն ակնհայտորեն ուղղորդվում էր ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի պատասխանատվության վեկտորը թեքվի դեպի Ռուսաստանի Դաշնություն, որն իր` ռազմավարական դաշնակցի պարտականությունները չի կատարում:
Մերձիշխանական շրջանակներն էլ ամեն կերպ փորձում էին դժգոհության ալիքն ուղղել նախկինների, ռուսների եւ արցախցիների կողմը: Քննչական կոմիտեն հապճեպ հայտնեց, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել` անկարգություններ կազմակերպելու եւ կոչեր անելու փաստով: Հրապարակ էր բերվել «Ալֆա» ջոկատը: Հրապարակի ամբողջ տարածքում խափանված էր ինտերնետ կապը եւ հնարավոր չէր լայվ մտնել: Այս պրիմիտիվ մեթոդներով իշխանությունը փորձում է կանխել բողոքի զանգվածային ալիքը: Հրապարակում, մոտավոր հաշվարկներով, ժամը 21-ի դրությամբ արդեն մոտ 10 հազար մարդ էր հավաքվել: