Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի դիվանագիտական աշխատանքը Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի համատեքստում
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը խոսել է ադրբեջանական ագրեսիվ պահվածքի համատեքստում հայկական դիվանագիտության աշխատանքի և դրա հնարավոր արդյունքի մասին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույում Մարուքյանը հիշեցրեց, որ ԱՄՆ սենատի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում լինի։
«Այսինքն՝Հայաստանի դիվանագիտությունը հասել է նրան, որ ԱՄՆ-ն նման հայտարարություն արել է։ Հիմա ԱՄՆ-ն ի՞նչ է անում, որովհետև զինված ուժերով էթնիկ զտում է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում։ Լույսը նոր է բացվել, այնտեղ հայտարարություններ արդեն եղել են։ Եթե Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառի և չկանգնեցնի Ադրբեջանին, ապա կարող ենք ասել, որ Արևմուտքը ևս իրականության մեջ ոչ մի քայլ չի ձեռնարկում»,- ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ աշխատանք է տարվել և տարվում, որ Արևումտքը միջամտի և կանգնեցնի Ադրբեջանին։
«Հիմա ունենք Եվրամիության անդամ երկրների շատ սուր հայտարարություններ, միջազգային կառույցների, ԱՄՆ սենատորների, կոնգրեսմենների բազմաթիվ հայտարարություններ, Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել։ Այս մասով հայկական դիվանագիտությունը իր աշխատանքը կատարել է։ Մենք ունենք իրավիճակ, որ Ադրբեջանը, չնայած այդ ամեն ինչին, իր գործողությունները իրականացնում է։ Այս իրավիճակում հաջորդ հարցն է գալիս, էլ ի՞նչ կարող ենք անել, ուրիշ գործիքակազմ ունե՞նք։ Կոչեր կան, որ Հայաստանը պետք է միջամտի։ Իսկ 10-15 օր առաջ Հայաստանի ամբողջ սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ինչո՞ւ են կենտրոնացվել, որ Հայաստանը հանկարծ միջամտի կամ փորձ կատարի միջամտելու և այդ զինված ուժերը մտնեն Հայաստանի տարածք և ասեն, որ քանի որ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, մենք ի պատասխան հարձակվել ենք Հայաստանի վրա»,- ասաց Մարուքյանը։