Ցնցված եմ Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի որոշումից. ԵԽԽՎ նախագահ
ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետ.
«Ես խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի կառավարության որոշումից։ Մի քանի ժամվա ընթացքում այն հանգեցրեց զոհերի խաղաղ բնակիչների շրջանում: Ես խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել կրակը:
Ամիսներ շարունակ մենք ականատես ենք եղել և կոչ ենք արել վերջ տալ տարածաշրջանում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակին՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։
Բարդ է պատկերացնել, որ հենց այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռների փոխադրման հետ կապված իրավիճակը կարծես բարելավվում էր, և հույսի նշույլ էր ծագել, Ադրբեջանը որոշեց սկսել ուժի այս ցուցադրությունը։
Սա, անկասկած, լուրջ հարված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հեռանկարներին։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդակների, ինչպես նաև կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքների լիարժեք հարգմամբ»: