Հրապարակից կես ժամով բացակայելու ենք՝ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություն անցկացնելու, ժողովուրդը ճանապարհային քարտեզ է պահանջում․ Իշխան Սաղաթելյան
Մինչ այս, այսօր ժամը 18․00-ին քաղաքական ուժերին հրավիրել էինք խորհրդակցության, նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերի ու գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելն է։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Շատ ծանր իրավիճակի մեջ ենք գտնվում, կարևորում ենք, որ ստեղծված իրավիճակից հստակ լուծումներ գտնելը լինի քաղաքական դաշտի դերակատար ուժերի մասնակցությամբ։ Այդ նպատակով նրանց հավիրել ենք քննարկման, մի քանի րոպեից սկսելու ենք, տեսնելու ենք քանի ուժ է ներկա լինելու, արդեն կան արձագանքներ, վստահ եմ շատերը ներկա կլինեն»,- ասաց նա։
Հարցին՝ տեսնո՞ւմ է այս պահին իշխանափոխության հնարավորություն, Սաղաթելյանն ասաց․
«Ժողովրդի զայրույթը հասկանալի է, այդ պահանջը շատ բնական է։ Խնդրում եմ ճիշտ հասկանալ գրասենյակում հավաք անելը, դա հրապարակից հեռանալ չէ, ընդամենը կես ժամով ենք բացակայելու, հրապարակի ժողովրդի կողքին ենք։ Մնացածի մասին վերջնական արդյունք ունենալուց հետո հայտարարությամբ հանդես կգանք։ Ժողովուրդը հստակ ճանապարհային քարտեզ է պահանջում, քայլերի ու գործողությունների հերթականություն»։
Անդրադառնալով քիչ առաջ կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելուն, Սաղաթելյանն ասաց․
«Նիկոլ Փաշինյանն ունի մի հենարան, դա ոստիկանությունն է, ինքը վաղուց լեգիտիմություն չունի, թե ինչքան կարող է ոստիկանությունը պահել նրա իշխանությւոնը, դա ժամանակը ցույց կտա»։