Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները. Շվեդիայի ԱԳՆ
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայերի և Բաքվի միջև երկխոսություն թույլ տա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի ԱԳՆ-ն «Թվիթեր»-ում կիսվել է բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելի գրառմամբ, որով ԵՄ-ն դատապարտել էր ռազմական էսկալացիան:
Շվեդիայի արտգործնախարարությունը հիշեցրել է՝ ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործունեությունը և Բաքվի ու Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսություն թույլ տա»,-նշել են Շվեդիայի ԱԳՆ-ից:
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։