Նախաձեռնվել է քրեական վարույթ սոցցանցի օգտատիրոջ կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ
Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերևույթ պարունակում են բնռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
Մասնավորապես՝ հիշյալ անձն իր էջում գրել է. «Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ, սատկած Նիկոլը որտեղ է գնալ սատկացնել նրան…»։
Մեկ այլ գրառման մեջ գրված է. «Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում…»։
Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվում է նախաքննություն։ Վարույթի շրջանակներում կայացվել է որոշում՝ Անի Կարապետյանին ձերբակալելու վերաբերյալ, ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։