ԼՂ-ի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան անընդունելի է․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր ռազմական ագրեսիայով վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում։
«Ես քիչ առաջ Ադրբեջանի դեսպանին ասացի, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ անընդունելի է։ Ալիևը սպառնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, ինչպես նաև վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանի կայունությունը», - գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։