Հորդորում ենք Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները․ Ժոզեպ Բորել
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք մեծ ծավալներով սեպտեմբերի 19-ին իրականացվում են Լեռնային Ղարաբաղի տարբեր հատվածներում՝ հանգեցնելով քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում զոհերի ու վիրավորների։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարության մեջ նշել է, որ հարկավոր է դադարեցնել բռնությունը՝ խաղաղության բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով։
«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ հատվածներում։ ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում անհապաղ կասեցնել առճակատումը և հորդորում ենք Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։
Հրատապ անհրաժեշտություն կա վերադառնալու Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը։ Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչությանը արտագաղթել։ Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծվի խաղաղության և կարգավորման բանակցությունների համար։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի իրական հանձնառությունը՝ աշխատելու բանակցային արդյունքների ուղղությամբ։ ԵՄ-ն շարունակում է լիովին ներգրավված մնալ երկխոսությունը դյուրացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ: