ԵԱՀԿ գործող նախագահը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ապաէսկալացման կոչ է արել
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման և տեղի բնակչությանը սպառնացող վտանգի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության համար դրանցից բխող վտանգի առնչությամբ: Անհապաղ ապաէսկալացման կոչ եմ անում։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական մտահոգությունները պետք է գերակայեն», - գրել է նա։
Օսմանին հավելել է, որ թեմային կանդրադառնա նաև Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ նախատեսվող հանդիպումների ընթացքում։
«Այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ժամանակ ես հանդիպում կունենամ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և կկրկնեմ իմ կոչը՝ շարունակելու դիվանագիտական շփումները և առաջնահերթությունը տալու կայուն խաղաղության ջանքերին», - հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը։
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է։ Կա 11 վիրավոր։